Մենք որևէ տեղ ձևական չենք գնում, մենք գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ. ԱԱԾ տնօրեն
«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, եթե օպերատիվ մասով խնդիրներ լինեն, մենք միշտ պաստրաստ ենք աջակցել քննությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությանը:
Նա չբացահայտեց օպերատիվ քննության մասը՝ միայն նշեց, որ տեղյակ են եղել առանձնատանը պահվող իրերի մասին։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ քննություն է ընթանում, լինելու է հարցաքննություն, որի շրջանակում եթե լինի ինչ-որ խնդիր այլ քննչական և օպերատիվ գործողությունների, դրանք էլ կարվեն։
Հարցին՝ զինվորների սնունդի գողության վերաբերյալ խոսակցություններ միշտ են եղել, կարո՞ղ են ենթադրել, որ ԱԱԾ-ն նախկինում թերացել է, նա պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, խոսում եմ փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրում ենք»։
Հարցին՝ նման աղմկահարույց բացահայտումներ նորից սպասվո՞ւմ են, ԱԱԾ տնօրենն ասաց, որ աշխատում են բնականոն աշխատանքով, եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի, կազմակերպությունների կողմից իրականացված ապօրինությունների մասին, արձագանքը կլինի համապատասխան։
Դիտարկմանը՝ մասշտաբներն իր համար սպասելի են՝ Արթուր Վանեցյանը դրական պատասխան տվեց:
Մեկ այլ հարցի՝ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների տներում խուզարկություններ կարվե՞ն, Արթուր Վանեցյանն ասաց, ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում և ինքը թույլ չի տա, որ երբևիցե զբաղվի։
«Այլ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների տներում խուզարկություններ չեն լինելու, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ հստակ, ստույգ տվյալներ։ Եթե կլինեն՝ նույն վերաբերմունքին կարժանանա ցանկացած մարդ, ով խախտել է ՔՕ-ն, և մենք ունենք համապատասխան ստույգ տվյալներ։ Մենք որևէ տեղ ձևական չենք գնում, մենք գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ, որոնց իսկության մեջ նախօրոք համոզված ենք։ ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտում և սկսում է գործել, ապա այդ գործն ունենալու է միանշանակ դատական վախճան»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ԵԿՄ-ն Պաշտպանության նախարարությունից պարբերաբար ստացել է սնունդ, և հնարավոր է, հայտնաբերվածը հենց այդ ստացած սնունդն է, ԱԱԾ պետը նշեց, որ ինքը չի կարող ասել՝ ստացել են, թե ոչ, միայն կարող են փաստել, որ կան նամակներ դպրոցականներից, անհատներից, քաղաքացիներից, կազմակերպություններից. «Դա քառօրյա պատերազմից մնացած սնունդ է»։
Հարցին, թե հայտնաբերված սեփականության վկայականները ում են պատկանում, Արթուր Վանեցյանն ասաց՝ չի ուսումնասիրել, իրեն զեկուցել են, որ դրանք եղել են թե Մանվել Գրիգորյանի, թե նրա ընտանիքի անդամների, թե այլ մարդկանց անուններով:
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան