Փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքում է Մանվել Գրիգորյանի փաստաբանին փնովողներին
Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն արձագանքել է Մանվել Գրիգորյանի հայտարարությունը քննադատած փաստաբան Լուսինե Սահակյանի ասածներին:
Հիշեցնենք, որ Սահակյանը, անդրադառնալով Հրանտ Անանյանի հայտարարությանը, նշել էր. «Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը»:
Արձագանքելով գործընկերոջը՝ Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանվել Գրիգորյանի արդեն նախկին պաշտպան Հրանտ Անանյանի արարքը փնովողներին, այդ առիթը օգտագործելով ՀՀ փաստաբանությունը փնովողներին ասեմ, որ պաշտպանը որոշ դեպքերում իրավունք ունի ու նույնիսկ պարտավոր է դադարեցնել իր վստահորդի պաշտպանությունը: Մասնավորապես, փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրն, ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից հանդիսանում է հանձնարարության պայմանագիր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 788-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց:
Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է»:
Ինչ վերաբերում է հարցի էթիկական կողմին, ապա ասեմ, որ՝ այն դեպքում, երբ պաշտպանի և պաշտպանյալի միջև կան հակասություններ պաշտպանական մարտավարության և/կամ ռազմավարության շուրջ, ապա պաշտպանը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև՝ պարտավոր է դադարեցնել իր մասնակցությունը գործին: Վերջապես, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը. եթե որևէ մեկը դիմում է փաստաբանին՝ իր պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով, ապա փաստաբանը չունի պարտականություն անպայման ստանձնելու տվյալ անձի պաշտպանությունը: Իր որոշումը կախված է շատ և շատ գործոններից, որոնց թվում առաջնահերթներից մեկն է գործի բնույթը:
Այսինքն՝ եթե ի սկզբանե Մ.Գ-ը դիմեր փաստաբան Անանյանին՝ այդ պահածոների գործով իր պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով, ապա Հ.Անանյանը կարող էր հրաժարվել և ոչ ոք չէր ասի, որ նա ինչ-որ մի բան այնպես չի արել: Տվյալ դեպքում Մ.Գ-ը դիմել է նրան՝ ապօրինի զենքի հետ կապված մեղադրանքից պաշտպանվելու համար, որի պարագաներում փաստաբան Անաանյանը ստանձնել է պաշտպանությունը: Դա ամենևին չի նշանակում, որ այդ պահից սկսած նույն փաստաբանը պարտավոր է նույն պայմանագրի շրջանակներում պաշտպանել Մ.Գ-ին ցանկացած այլ մեղադրանքներից, որոնք ընթացքում կառաջանան:
Ավելին՝ օրենքի շրջանակներում գործող փաստաբանն իր վստահորդի հետ պայմանագիր կնքելիս նշում է, թե ինչ ծավալի աշխատանքի կատարման վերաբերյալ է պայմանագիրը: Աշխատանքի ծավալը փոփոխվելու դեպքում պայմանագիրը չի կարող մնալ նույնը, այն պետք է փոփոխվի: Իսկ պայմանագրի փոփոխության համար, եթե գիտեք, անհրաժեշտ է երկու կողմի ցանկությունը և համաձայնությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Սահակյան. Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան