Հունոտի կիրճի առաջին կամուրջը պատրաստ է
Հունոտի կիրճը հայտնի է որպես արցախցիների ու Արցախ ժամանած հյուրերի, զբոսաշրջիկների կողմից սիրված վայր: Հունոտի կիրճում գտնվող «Զոնտիկներ» կոչվող յուրօրինակ տեսարժան վայր հասնել այսուհետ կարելի է ավելի կարճ, բարեկարգ ու ապահով արահետով:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) համագործակցության շրջանակում ոչ միայն բարեկարգվել է արահետը, այլև կառուցվել է փայտե ապահով կամուրջ՝ գետն անցանելի դարձնելու համար:
Նախարարությունից հայտնում են, որ կամուրջի բացումն ազդարարվել է կիրակի հետաքրքիր միջոցառմամբ, որին ներկա են եղել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հայ լեռնագնացների միության անդամներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, զբոսաշրջիկներ:
«Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) հետ իրականացվող համագործակցությունը շարունակական է լինելու: Արդյունքում Արցախի հրաշալի բնությունն ու տեսարժան վայրերը ավելի հասանելի կդառնան զբոսաշրջիկներին: Հունոտի կիրճ տանող արահետի բարեկարգումն այս ծրագրի հաջող մեկնարկն է»,- նշել է նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Բարեկարգման գաղափարը ծագել է անցած տարի, երբ Թելմա Ալթունն Արցախում էր:
Արշավի ընթացքում հասնելով Հունոտի կիրճ՝ խոստացել է, որ կամուրջների հարցը կլուծվի:
«Առաջին կամուրջն արդեն պատրաստ է: Ծրագրում ենք Շուշիից մինչև Քարին տակ հատվածում երեք կամուրջ կառուցել: Բացի դրանից, ծայրից ծայր բարելավվել է ամբողջ արահետը, դժվարանցանելի հատվածները փոխվել են, նոր արահետներ են կառուցվել»,-ասել է Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանը:
Երկրորդ փայտե կամուրջը կսկսեն պատրաստել հուլիսին: Նախաձեռնության հեղինակները համոզված են՝ արցախյան հայտնի բնապատմական արգելոց տանող արահետի բարեկարգումը ավելի մեծ թվով այցելուներ կապահովի:
Հարակից հրապարակումներ`
- «Զոնտիկներ» հասնելն ավելի հեշտ ու անվտանգ կդառնա
- Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը