Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկու փաստաբան ունի, և նրա փաստաբաններից առաջինի՝ Հրանտ Անանյանի հրաժարականից հետո երկրորդ փաստաբանը շարունակում է աշխատել և իրականացնել իր գործառույթները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ ի պատասխան մեր այն հարցին, թե որ դեպքերում պատգամավորը կարող է հանրային պաշտպան ունենալ։
Հատկանշական է, որ եթե երկրորդ փաստաբանը ևս հրաժարվի պաշտպանական գործունեությունից, վարույթն իրականացնող մարմնի առաջարկով Հանրային պաշտպանը նոր պաշտպան կտրամադրի։
Անձը, ըստ օրենքի, կարող է հրաժարվել նաև հանրային պաշտպանի ծառայություններից և ցանկացած պահի նոր փաստաբան ունենալ։
Հիշեցնենք, որ փաստաբան Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով հարցին՝ արդյոք պաշտպանն իրավունք ո՞ւնի մինչ գործի ավարտը հրաժարվել փաստաբանական ծառայությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մանվել Գրիգորյանի արդեն նախկին պաշտպան Հրանտ Անանյանի արարքը փնովողներին, այդ առիթը օգտագործելով ՀՀ փաստաբանությունը փնովողներին ասեմ, որ պաշտպանը որոշ դեպքերում իրավունք ունի ու նույնիսկ պարտավոր է դադարեցնել իր վստահորդի պաշտպանությունը: Մասնավորապես, փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրն, ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից հանդիսանում է հանձնարարության պայմանագիր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 788-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց:
Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է»:
Մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանն էլ իր ֆեյսվուքյան էջում գրել էր. «Փաստաբանի՝ իրավապաշտպանի կոչումը դյուրին չի, ամեն մեկի բանը չի։ Փաստաբանը այն անձն է, ով, թեկուզ ամբողջ աշխարհին ընդդիմանալով, մնում է իր պաշտպանյալի կողքին և պաշտպանում նրա շահերը»։
Հիշեցնենք նաև, որ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց վաղն ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքում է Մանվել Գրիգորյանի փաստաբանին փնովողներին
- Լուսինե Սահակյան. Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին