Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց հունիսի 19-ին ժամը 11-ին Աժ արտահերթ նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշումը, որով առաջարկվում է քննարկել Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշեցրեց երեկվա և նախորդ օրերի իրադարձությունները, երբ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել:
«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձագանքել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հանրության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել է շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, որոնք մշակել են այս օպերացիան և իրականացրել:
«Կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մի օրում չի կազմակերպվել և դրան նախորդել է ծավալուն աշխատանք, որի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրի, որպեսզի այս հարցում որոշ հստակեցումներ մտցնեն և զարգացնեն, բարելավեն իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով. «Ըստ ամենայնի, չեմ ուզում վերջնական պնդումներ անել այլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար, բայց ամենայն հավանականությամբ, գործ ունենք կոռուպցիոն մեշամասշտաբ երևույթի հետ: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը և հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը կապահովիի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հասարակությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որ այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից, և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և ինչպես մյուս դեպքերում որևէ արգելանքներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել»:
Նա նաև նշեց, որ ուզում է ևս մեկ անգամ արձանագրել, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու, հայտարարել են, որ ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու և որևէ մեկը չպետք է կասկածի, որ այս նպատակին հասնելու են ամենավճռական և արդյունավետ քայլերով:
«Հիմա կարող ենք փաստացի արձանագրել, որ երկար տարիներ մեր արած պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվել է, այդ պնդումները հիմնավորվում են և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երբեմն այնպիսի տպավորություն է ստանում, որ իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են, ոմանց թվում է, որ այս սրանք կարող են շարքային հայտարարություններ լինել և «ժամանակը կանցնի ու բոլորը կմոռանան, թե ինչի համար էին հավաքվել»:
«Ես չգիտեմ՝բոլորը կմոռանան, թե չեն մոռանա, բայց ես ինքս չեմ մոռանա դրա մասին և հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարում իր արդյունավետությունը բարձրացնելու մասին և մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ: Մենք հաջորդ անգամ այս թեմային կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ժամանակ և այսպիսի ֆորմատով դա կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո բոլորս պետք է ակնկալենք արդյունքներ: Հայաստանի իրավապահ համակարգի առաջ որևէ քրեական գործի քննության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ: Ով կհանդիպի այդ ճանապարհին, բացարձակապես էական չէ՝ ինչ կարգավիճակ, ինչ կոչում կունենա: Բոլորը հավասար են օրենքի առաջ և իրավապահ համակարգի խնդիրն է սա ապացուցել, այսինքն՝ իրագործել: Հույս ունեմ, որ այս հարցում կաշխատենք արդյունավետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան