Զինվորի հացը գողացողն, ըստ Շարմազանովի, «ազգի դավաճան է»
«Այն ինչ ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը, եթե իրավականորեն պարզվի, որ համապատասխանում է իրականությանը, դրան արդարացում չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Ես երկու բանի մասին եմ խոսում՝ կա անմեղության կանխավարկած և իրավապահների գործողություններին որևէ մեկը չպիտի միջամտի, պետք է հնարավորություն տրվի, իրավապահներն օրենքով սահմանված կարգով ամբողջական քննություն իրականացնեն: Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքն արդարացվի, ով ուզում է անի դա: Հիմա որակում չեմ ուզում տալ, բայց եթե պարզվի, որ այն ինչ ԱԱԾ-ն հայտարարել է, այն ինչ որ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, դատարանով որոշվի, որ այդ ամենի հեղինակը նշված անձն է, դրան արդարացում չկա»,- հավելեց Շարմազանովը:
Հարցին, թե եթե դատախազը միջնորդություն ներկայացնի, կողմ կքվերակի, նա պատասխանեց. «Ես վաղը մեկնում եմ: Ես հիմա ուզում եմ արարքի մասին խոսել, ԱԺ-ն այս պահին միջնորդություն չի ստացել: Ես հիմա խոսում եմ իմ գնահատականի մասին, կարծում՝ եմ շուտով կլինի նաև ՀՀԿ-ի պաշտոնական գնահատականը»:
Շարմազանովը հիշեցրեց, որ այն ինչ ապրիլյան պատերազմի ժամանակ ասել է զինվորից գողացողի մասին, ուժի մեջ է։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀԿ-ն ցանկացած օրինախախտում դատապարտելու է. «Մեր կուսակցությունը հստակ հայտարարել է՝ ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև կրկնակի ստանդարտներ չպիտի լինեն: Ես կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության և մասնավորապես իմ արարաքների համար, իմ ճակատը բաց է, ես բաց ճակատով եմ ասում՝ նրանք ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն»:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանի հետ իրենց հանդիպմանը նա ինչ ասաց, Շարմազանովը պատասխանեց. «Խոսել ենք առողջական վիճակից, այն ժամանակ այս նյութերը չեն եղել: Խոսել ենք զենքից, նա ասել է, որ դա իրենը չի»:
Շարմազանովը հավելեց, որ արարքն արդեն կատարվել է, ինչը դատապարտելի է, իսկ թե ում կողմից ու ինչպես, դա թող պարզի ԱԱԾ-ն. «Երևույթը որևէ արդարացում չունի, ինչ գործ ունեին այդ ամենն այդտեղ»:
Լրագրողի ճշտող հարցին, թե «երևույթի հետ կապված, առհասարակ զինվորի հացը գողացողը ազգի հերոս է, թե ազգի տականք», Շարմազանովը պատասխանեց. «ազգի դավաճան»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան