Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը
Աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան լրագրողներին պատմել է, որ մինչ օրս երազում տեսնում է տիեզերքը։
«Դա լավ, բարի երազ է»,- նշել է նա։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Տերեշկովան՝ իր թռիչքի 55-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ ասել է, որ թռիչքի մասին հիշելիս ամեն անգամ մտաբերում է իր մորը։
«Այն ժամանակ ամեն ինչ շատ գաղտնի էր: Նա չգիտեր՝ որտեղ եմ ես, ինչ եմ անում: Նրան չանհանգստացնելու համար, քանի որ նա ուներ առողջական խնդիրներ, ես 10 նամակ գրեցի և խնդրեցի իմ գործընկերներին մի քանի օր անց դրանք մայրիկիս ուղարկեն»,- նշել է Տերեշկովան։
Երբ արդեն տիեզերքում է լինում, մայրը կարդում է նամակ այն մասին, որ դուստրը պարաշյուտով թռիչքներ է իրականացնում:
«Մի օր էլ նրա մոտ է եկել մեր հարևանուհին ու ասել՝ «Ելենա, քո Վալենտինան տիեզերքում է»»,- հիշել է տիեզերագնացը։
Իր առաջին թռիչքը Տերեշկովան կատարել է 1963 թ. հունիսի 16-ին «Վոստոկ-6» տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։
Վալենտինա Տերեշկովան ծնվել է 1937 թվականին Յարոսլավում։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում, միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։
Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք է առաջանում տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962 թ.-ի սկզբին սկսվել է հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվում են՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։
Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչում են զինվորական ծառայության։