Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Վիեննայում, Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում է, դրա մասին միշտ հրապարակային կերպով է խոսվել: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Երբ մենք ասում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի առաջընթաց, հենց դա նկատի ունենք՝ այն պայմանները, որոնց ժամանակ չեն կրակում, որոնց ժամանակ ուժի կիրառման վտանգ չկա, որը ստեղծում է համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Վիեննան, Պետերբուրգն ու Ժնևը հենց դրա մասին են խոսում»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառելու փաստին՝ Տիգրան Բալայանը նշեց, որ ԱԳՆ-ն այս ուղղությամբ հրապարակային և ոչ հրապարակային գործողություններ է տանում բելառուսական կողմի հետ, սակայն մինչ այժմ բելառուսական կողմից ստացված արձագանքները հայկական կողմին չեն բավարարում:
«Սա համակարգային գործընթաց է, տարբեր ուղղություններով գործընթաց է: Մեր ԱԱԽ քարտուղարն է ընդունել Հայաստանում Բելառուսի դեսպանին և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը: Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով»,- ասաց նա:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք առաջիկայում նախատեսվում են կոնկրետ երկրներից ՀՀ դեսպանների հետկանչման գործընթացներ, Բալայանը պատասխանեց՝ փոփոխություններ, այո, նախատեսվում են:
«Դա մեր համակարգում մշտական գործընթաց է: Դեսպանների փոփոխություններ, դիվանագետների ռոտացիա նախատեսվում է, բայց մինչև նախագահի հրամանագրի հրապարակումն ինչ-որ դեսպանի հետ կանչելու կամ այլ դեսպան նշանակելու մասին հրապարակային քննարկում ընդունված և կոռեկտ չէ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:
Լրագրողները Տիգրան Բալայանից նաև հետաքրքրվեցին՝ կան արդյոք տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոտալուտ հանդիպման վերաբերյալ: Բանախոսը նկատեց, որ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, այդ մասին կծանուցվի լրացուցիչ:
«Այս պահի դրությամբ արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Արցախյան կարգավորման շուրջ բանակցություններին հայկական կողմից պետք է մասնակցի երկրի նախագահը՝ Բալայանը նկատեց, որ Պեսկովը ոչ այդքան ճիշտ ձևակերպված հարցին բավական կոռեկտ պատասխան է տվել:
«Հարցին՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում նախատեսվում է, թե ոչ, պարոն Պեսկովն ասել է՝ ոչ, որովհետև ՀՀ նախագահը Մոսկվայում չէ: Լրագրողի ձևակերպած հարցը եղել է ոչ այդքան ճիշտ: Նա, ըստ երևույթին, չի տիրապետել, որ Հայաստանի անունից բանակցում է ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Բայց հաջորդ օրվա ճեպազրույցին Պեսկովն անդրադարձել է հենց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը և ասել է, որ հանդիպման ժամկետների վերաբերյալ ինքը տեղեկություն չունի»,- ամփոփեց Տիգրան Բալայանը:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ով է Բելառուսը Հայաստանի համար
- Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
- Նվեր Ադրբեջանին՝ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի կապակցությամբ
- «168 Ժամ» Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառել Ռուաստանի օրինակով
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ
- Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին