Թեև՝ ԿԳ նախարարը վստահեցնում է, որ գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ
Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ:
ԿԳՆ-ից հայտնում են՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ համընդհանուր ներառականության անցումը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզի վերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ:
«Մենք ձեր կողքին ենք լինելու, և վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաև ծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշակի մտահոգություններ են առաջացել նաև այն պատճառով, որ ժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել։
Ըստ աղբյուրի՝ նշվել է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական և ծառայությունների մատուցման պլան, և կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու և խնդիրն առավել հանգամանալից քննարկելու համար:
Ինչպես կարելի է եզրակացնել՝ թիվ հատուկ 2 դպրոցը մնում է հատուկ դպրոց, ուղղակի կարգի է բերում ծրագիրը՝ հետագա կրթություն ապահովելու համար: Այն դասական, ընդունված ներառական չի էլ դառնում, ինչպես ընդունված է «խառը» դասարաններում:
Նորույթը թերևս նոր չէ՝ հատուկ դպրոցները հենց սկզբից պիտի մասնագիտացված լինեն յուրաքանչյուր երեխայի կարիքները հաշվի առնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները