Ականի պայթյունից վիրավորված Նարեկի վիրահատությունը կրկին հետաձգվել է
Արցախում 2017 թվականի նոյեմբերի 21-ին ականի պայթյունից ծանր վիրավորում ստացած Նարեկ Հովեյանի աչքի վիրահատությունը կրկին հետաձգվել է: Տղայի աչքի մեջ դեռ պղտոր արյուն կա, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը՝ Սեդա Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ որդին բժիշկների հսկողության տակ է, առայժմ բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատություն:
«Հիմա դեղորայքային բուժում է ստանում, օրական մի քանի անգամ աչքի մեջ դեղ ենք կաթեցնում, որպեսզի արյունը մաքրվի և դրանից հետո միայն վիրահատական միջամտությունը կթույլատրվի: Հուլիսին նախատեսված է հերթական այցը, այդ ժամանակ հետազոտություն անցնելուց հետո պարզ կլինի՝ վիրահատեն, թե ոչ»,- նշեց տիկին Սեդան՝ հավելելով, որ բացի աչքից պետք է վիրահատեն նաև ականջը, բայց առաջնայինը աչքի վիրահատությունն է:
Ականի պայթյունից Նարեկ Հովեյանը բեկորային վնասվածք է ստացել նաև ճակատային մասում, պարանոցի, դեմքի հատվածում: Օրեր առաջ, ըստ Սեդա Ղարիբյանի, հեռացրել են դեմքի հատվածում առկա բեկորները:
«Ընդհանուր առմամբ, Նարեկի զգացողությունը լավ է, գլխացավերը քչացել են, եթե առաջ ամեն օր ուժեղ ցավեր էր ունենում, հիմա ամսվա մեջ՝ 3-4 անգամ: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ իրեն լավ զգա, եղբայրը միշտ իր հետ է, ընկերները, հարազատները միշտ կողքին են, որ Նարեկս երբեք իրեն մենակ չզգա»,- ասաց տիկին Սեդան:
1,5 տարվա ծառայող Նարեկ Հովեյանը ականապայթյունային վիրավորում է ստացել նոյեմբերի 21-ին Արցախում: Ականի պայթյունից 19-ամյա զինծառայողը հարված է ստացել դեմքի հատվածում, գլխին հեմատոմաներ են եղել: Վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ հեռացրել են մեկ աչքը։ Նարեկը հրաշքով է փրկվել, իսկ ականի պայթունը խլել էր նրա ծառայակից ընկերների՝ Գեղամ Զաքարյանի, Սարգիս Աբրահամյանի և Սարգիս Մելիքյանի կյանքը։
Նարեկի հարազատները որոշ ժամանակ խուսափում էին ճշմարտությունը ասելուց, քանի որ Նարեկը ծանր հոգեբանական վիճակում էր գտնվում: Ամիսներ հետ միայն ընկերները պատմել են տեղի ունեցածի մասին:
Նշենք նաև, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մայիսի 15-ին կայացրած որոշման համաձայն, 1-ին խմբի զինհաշմանդամ Նարեկ Հովեյանին փոխանցվել է միանվագ 10 միլիոն դրամ, իսկ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի աչքի վիրահատությունը հետաձգվել է
- Ականի պայթյունից վիրավորված Նարեկն առանց հուսահատվելու հավատում է իր ապաքինմանը
- Ականի պայթունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանը սկսել է կոնտակտի մեջ մտնել. Հոսպիտալի փոխտնօրեն
- Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան
- Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան