Հողեր, շինություններ, ընդամենը ութ ավտոմեքենա. Ինչ էր հայտարարագրել Մանվել Գրիգորյանը
Անձեռնմխելիությունից քիչ առաջ զրկված պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով:
նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
179-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Panorama.am-ը մինչ դատավճիռը պարզեց, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Գրիգորյանը:
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով 2014-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ որդին Կարեն Գրիգորյանը քաղաքապետ է , դուստրը՝ Նաիրիա Գրիգորյանը դատավոր է, մյուս որդին՝ Արման Գրիգորյանը դասակի հրամանատար է: Համատեղ բնակվում է հինգ երեխաների ու կնոջ հետ:
Այս տարվա ապրիլին ներկայացրած հայտարարագրում որդին այլևս դասակի հրամանատար չէ, համատեղ ապրողների թիվն էլ պակասել է, մնացել են կինը, դուստրն ու անչափահաս զավակը: 2017 թ. տարեկան հայտարարագրում նա որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 45 հազար եվրո, 45 հազար դոլար, 314 մլն դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում մոտ 68 մլն դրամ է, որից մոտ 60 մլն-ը տարբեր շահաբաժիններից, վեց մլն-ը՝ աշխատավարձից:
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մանվել Գրիգորյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է երկու հողամաս, որոնց մակերեսը, նշանակությունը, տեղը նշված չեն:
Բացի այդ, հայտարարագրվել է արտադրական նշանակության շինությունը (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը): Երկու անգամ նշվել է՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
Որպես շարժական գույք հայտարարագրել է 8 ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի՝ Գրիգորյանին պատկանող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Բաժնետոմսերից ստացել է մոտ 62 մլն դրամ:
Համատեղ ապրող որդին՝ Արա Գրիգորյանը հայտարարգրել է միայն 2.2 մլն դրամի եկամուտ, որը գոյացել է Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Մյուս որդին՝ Սամվելի հայտարարագիրը դատարկ է, որևէ նշում չկա: Դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանն էլ ոչինչ չի հայտարարագրել: Սա այն պարագայում, երբ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության մասին: Հենց դրա տարածքն էլ օգտագործել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար, այդ թվում՝ սննդամթերքը որպես կեր ծառայեցրել է նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների համար: Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:
Մանվել Գրիգորյանի մյուս դուստրը՝ Արփենիկը ևս հայտարարագիր չի ներկայացրել:
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հակակոռուպցիոն պայքարի գործում կարևոր դերի մասին խոսքերն, ինչպես տեսնում ենք, մնացել են որպես օդում սավառնող հայտարարություններ: Մի խուզարկություն ու հայտարարագրերի կարևորությունն ու նշանակությունը կորում է:
Գրիգորյանի հայտարարագրում դատախազության կողմից հայտնաբերածի միայն մի փոքր մասն է: Էլ չենք խոսում այն ունեցվածքի (գուցե նաև օրինական) մասին, որը դատախազությունը չի հրապարակել՝ ոսկիներ, կտավներ, տներ, հողեր...
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կենդանիներ է պահել Մանվել Գրիգորյանը
- Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների. ՀՀ գլխավոր դատախազ
- ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին դատախազի միջնորդությանը
- ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան