ԵԽ գլխավոր քարտուղար․ ՀՀ-ն արժեքավոր քայլեր է կատարել փոքրամասնությունների լեզուներով կրթության համար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախօրեին մասնակցել է Ստրասբուրգում մեկնարկած «Փոքրամասնությունները և փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» թեմայով կոնֆերանսին, որը նվիրված է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի ու Տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների խարտիայի 20-ամյակին։
Կոնֆերանսի ժամանակ իր ելույթում Յագլանդը նշել է Հայաստանին այն երկրների թվում, որոնք բարելավել են փոքրամասնությունների լեզուներով կրթությունը՝ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան, ասվում է ԵԽ կայքում։
«Պայմանագրերը հաստատել են այն հանգամանքները, որոնցով անձինք ունեն իրենց ազգային լեզվով կրթության իրավունք, այլ ոչ թե այն ժողովրդի լեզվով, որի տարածքում իրենք ապրում են։ Հայաստանը, Լեհաստանն ու Մոնտենեգրոն այն երկրների թվում են, որոնք աշխատել են ԵԽ հետ՝ բարելավելու փոքրամասնությունների լեզուներով կրթությունը՝ մեր իրավական գործիքներին համապատասխան։ Օրինակ Հայաստանը հնարավոր դարձրեց դպրոցներում ուսուցումը ասորերեն, քրդերեն ու եզդիերեն, որտեղ մեծ թվով այս փոքրամասնության ներկայացուցիչներ են սովորում»,-ասել է Յագլանդը։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս երկրները արժեքավոր քայլեր են կատարել՝ երբեմն չնայած քաղաքական ճնշմանն ու ֆինանսական խոչընդոտներին։
Նշենք, որ Հայաստանը վավերացրել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիան 1998թ․-ին։ Հայաստանում փոքրամասնությունների վերաբերյալ ԵԽ վերջին զեկույցը հրապարակվել է 2017թ․-ի մարտի 1-ին, որում ասվում էր, որ Հայաստանն ու նրա բնակիչները հարգալից վերաբերմունք ունեն մշակույթների ու լեզուների նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում