Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների. ՀՀ գլխավոր դատախազ
«Այս պահին ընդամենը երկու օր առաջ հարուցված քրեական գործի հետ մենք գործ ունենք: Եվ առաջիկայում գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կգնահատենք նաև հիմքերը, թե ներգրավված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառենք: Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների: Իսկ հետագան դրան համարժեք կլինի»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նաև հավաստիացրեց, որ նախկինում էլ իրեն ոչ ոք չի կաշկանդել հանդես գալ բացահայտումներով:
«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիների աջակցության ակնկալիքն է մեծացել և ունենք ռեալ այդ ակնկալիքի դրսևորումները: Եվ դրանով է պայմանավորված, որ ինչպես նոր գրանցված հանցագործությունների բացահայտումն է բարձր, այնպես էլ նախկինում կատարված: Վարույթ իրականացնող մարմիններն իրենց գործառույթներն իրականացրել են այնպես, ինչպես իրականացնում են այսօր, ինչպես նախկինում, այլ բան է, թե այդ վարույթի շրջականերում որքանով է հաջողվել տեղեկություններ ստանալ»,- հավելեց նա:
ՀՀ գլխավոր դատախազը միաժամանակ տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում այս պահին արդեն կան անձինք, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում:
«Բայց սա բավական ծավալուն է, այս պահին մեր ձեռք բերած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին: Եվ այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է, և յուրաքանչյուր մասնակից իր արարքով արժանանալու է համարժեք իրավական գնահատականի»,- նշեց Արթուր Դավթյանը: