Ջանջուղազյանը ներկայացրեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու որ փուլում է Հայաստանը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կուտակային համակարգը բազմաթիվ ու բազմապիսի բուռն քննարկումներ է ապրել մինչ այժմ։
Նախարարը մանրամասնեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու որ փուլում է Հայաստանը. «Մի կողմից 200 հազարից ավելի մասնակից է միացել համակարգին, մյուս կողմից էլ գործող օրենքի կարգավորմամբ, այս տարվա հուլիսի 1-ից հետո մյուս բոլորը պարտադիր պետք է դառնան համակարգի մասնակից։ Հաշվի առնելով առկա քննարկվող իրավիճակը, համակարգին միանալու համար լուծում է տրվել, մինչև հուլիսի 1-ը համամասնությունը փոխելով՝ 2,5 տոկոս մասնակցի և 7,5 տոկոս պետության կողմից։ Այս փոփոխությունը 200 հազարից ավելի մասնակիցների համար հնարավորություն կտա տնօրինվող եկամուտների աճ, իսկ նոր մասնակիցների տնօրինող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»։
Նրա խոսքով՝ պետությունն այս համակարգով պետք է ապահովի, որ մարդը ունենա արժանապատիվ կենսաթոշակ և քանի որ պետության հնարավորությունները շատ չեն. «Կուտակային կենսաթոշակային համակարգը միակ լուծումն է արժանավայել կենսաթոշակ ստանալու»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմելով նախարարին՝ ասաց. «Այս օրենքով պետությունն ի՞նչ տիպի պետական երաշխիքներ է տալիս, որ արժեզրկումը չի սպառնա մեր համաքաղաքացիներին։ Մասնակից ֆոնդերի կամ կառավարիչների սնանկացման դեպքում պետությունն ի՞նչ երաշխիքներ է տալիս»։
Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց. «Գնաճի հետ կապված գործող օրենքն արդեն իսկ ունի կարգավորումներ, և ըստ այդմ երաշխավորվում է գնաճից ոչ ցածր եկամտաբերություն այն միջոցների համար, որոնք կուտակվում են մասնակիցների անվամբ։ Իսկ ինչ վերաբերում է կառավարիչների սնանկացմանը, ապա ամբողջ համակարգի հմայքը նրանում է, որ այս միջոցներին կառավարիչները չունեն մոտեցման և դրանք օգտագործելու հնարավորություն, դրանք հանդիսանում են մասնակիցների սեփականությունը»։
Վարդան Բոստանջյանն էլ հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ որքա՞ն գումար է կուտակված այս ֆոնդում, ինչին ի պատասխան նախարարն ասաց՝ 124 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
- Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին