ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին
ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ամերիկացի ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ): Գազետա.ռու-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում:
Տեղի ոստիկանության հաղորդագրության համաձայն, երբ ռեփերը դուրս է եկել մոտոսրահից, որտեղ իր համար մոտոցիկլետ է ընտրել, այդ ժամանակ նրան են մոտեցել երկու անհայտ սևամորթներ: Երբ XXXTentacion-ը մոտեցել է մեքենային, անծանոթներից մեկը կրակել է ռեփերին: Հրաձիգի դեմքը փակ է եղել: Ըստ վկաների՝ հանցագործները ռեփերի մեքենայից վերցել են նրա Louis Vuitton պայուսակը, նստել են սև գույնի մեքենան և հեռացել:
Ռեփերին կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ծանր վնասվածքներից մահացել է։
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության ամենահավանական պատճառը գողությունն է: Տվյալ թաղամասի շերիֆը հայտնել է, որ 3 հազար դոլարով կպարգևատրեն նրան, որը կասկածյալների մասին տեղեկություններ կհայտնի:
XXXTentacion-ի մահվանն անմիջապես արձագանքել են նրա գործընկերները: Ռեփեր Քանյե Ուեսթն իր թվիթում գրել է. «Հանգչիր խաղաղությամբ: Երբ դու այստեղ էիր, ես երբեք չեմ ասել, թե որքան ես ինձ ոգեշնչել: Շնորհակալություն, որ դու եղել ես»:
«Blink 182» խմբի ներկայացուցիչ Թրեվիս Բարքերն էլ , որը պարբերաբար համագործակցել է ռեփերի հետ, սոցիալական ցանցում գրել է. «Խոսքեր չունեմ, Ինձ դուր էր գալիս քեզ հետ համագործակցել: Դու իսկական արտիստ էիր, մեր ժամանակների տաղանդավոր արտիստներից մեկը»: