Սուրեն Պապիկյանը Ազգային արխիվի տնօրենին հորդորել է ազատման դիմում գրել
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրավիրել է իր մոտ և հորդորել ազատման դիմում գրել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը:
«Այսօր ժամը 11-ին հանդիպել ենք և նախարարն ասել է, որ մինչև երեկո դիմում գրեմ»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ դիմում գրելու պատճառը նաև գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների բաց նամակն է:
«Մի քանի մանր-մունր բաներ գտան և համարում են, որ ես օրենք եմ խախտել, ուստի լավ կլինի, որ դիմում գրեմ ու դուրս գամ»,- ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:
Նա միաժամանակ նշեց, որ դեռ չի պատրաստվում դիմում գրել, խորհրդակցում է գործընկերների, արխիվի կոլեկտիվի, ընկերների հետ՝ հասկանալու իր հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ: Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, մասնավորապես նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:
Հարակից հրապարակումներ`
- Վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ
- Ժողովրդի թվագրված հիշողությունը Ազգային արխիվի պահոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան