«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումն ուժը կորցրած կճանաչվի
Կառավարությունը ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը «Տաշիր»-ի հետ կնքվել էր 2017 թվականին:
Այսպիսով, կառավարությունը վաղվա նիստում ուժ կորցրած կճանաչի 2017 թ-ի օգոստոսի 24-ին ընդունված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» և 2018 թ-ի ապրիլի 12-ին՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին որոշումները:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բարձրավոլտ էլեկտրական ցանցերին՝ նշել էր, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնեն էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ արդեն որոշումը կայացրել են, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության հավատարմագրային կառավարումը դադարեցված է և այս պահին այն գտնվում է պետական կառավարման մեջ: Բացի այդ, ըստ նրա, բավականին շատ միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են և պատրաստ են ներդրումներ անել ԲԷՑ-ում:
Հարակից հրապարակումներ`
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հավատարմագրային կառավարումը դադարեցված է. նախարար
- Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է պատկանեն նույն սեփականատիրոջը. վարչապետ
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն. Էներգետիկայի նախարար
- Բարձրավոլտ էլեկտրացանցերը հավատարմագրային կառավարման տրվեց «Տաշիր Կապիտալ»-ին