ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. իրավապաշտպան
«Շատ բնական էր, որ պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները կարող էին համախմբվել և ստեղծել իրենց հասարակական կառույցը, որը կզբաղվեր իրենց հոգսերով։ Բայց սա մինչև այն պահը, երբ այդ կառույցը սկսում է քաղաքականացվել կամ սպասարկել իշխանություններին»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԿՄ գործունեությանը։
Նրա խոսքով, ԵԿՄ անդամների՝ զենք ունենալու իրավունքը վերջին շրջանում արդեն իսկ դառնում էր վտանգավոր։
«Երկրապահի դերը հատկապես բացասական էր լինում հետընտրական զարգացումների ժամանակ։ Դա եղել է և 90-ականներին, և մեր օրերում։ Կարծում եմ՝ երկրապահը ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ։ ԵԿՄ ղեկավարությանը և մյուս բոլոր յուրայիններին տրվել էին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ ԵԿՄ շատ անդամներ և այլ գործիչներ անսահմանափակ իրավունքներ վաստակել են ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունների դիմաց։
Քաղաքագետ Էդգար Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ քաղաքականացված կառույցները կամ պետք է դադարեն գոյություն ունենալ, կամ էլ ռադիկալ կերպով վերակազմավորվեն։ «Ժողովրդավարական երկրում պետությանը մրցակից որևէ կառույց չպետք է լինի։ Իսկ այդպիսի կառույցներ գոյություն ունեն։ Պետությունը բռնազավթված էր, իշխանության ուզուրպացիան պետական հանցագործություն է»,- ասաց նա։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշեց, որ ռազմահայրենասիրական ներկայիս մոտեցումը 21-րդ դարում չի աշխատում։
«Քարոզչական մոտեցումներն անընդունելի են։ Մեզ պետք է նոր տեսակի ռազմագիտություն՝ շատ գործնական, օրինակների վրա հիմնված»,- համոզմունք հայտնեց բանախոսը։
Ազատամարտիկ Վովա Վարդանովն իր հերթին շեշտեց՝ ինքը միշտ էլ ասել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը տհաճ կերպար է։
«Ես սա ասել եմ այն ժամանակ, երբ բոլորը նրան «զորավար» էին ասում»,- ասաց ազատամարտիկը։