Յուրի Արոյանի ընկերուհին պատմել է նրա մահվան պատճառների մասին
Ռուսական թատրոնի և կինոյի դերասան Յուրի Արոյանի ընկերուհի Տատյանա Մուրտազինան լրագրողներին պատմել է, թե ինչը կարող էր դառնար 67-ամյա դերասանի մահվան պատճառ։
Գազետա.ռու-ն գրում է, որ նրա խոսքով, Արոյանը սայթաքել և կոտրել էր ոտքը, ավելի քան մեկ ամիս գիպս էր կրում։ Շարժվելու սահմանափակման պատճառով Արոյանի մոտ սրվել էր քրոնիկ հիվանդությունը։ Նա հրաժարվել է հոսպիտալացվել։
«Յուրի Արոյանը մահացել է հունիսի 19-ի երեկոյան, ամենայն հավանականությամբ, սրտի անբավարարությունից։ Նման ախտորոշում տրվել է բժիշկների կողմից»,- ասել է նա։
Յուրի Արոյանի մարմինը գտել են Սանկտ-Պետերբուրգի նրա բնակարանում։ Նաև նշվել է, որ տանն ատրճանակ են հայտնաբերել։
Յուրի Արոյանը ճանաչում է ձեռք բերել «Կոտրված լապտերների փողոցը», «Հետք», «Հանցավոր Պետերբուրգը» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։
Յուրի Արոյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին Վրաստանի Տղիբուլ քաղաքում։ Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը և Յարոսլավլի Վոլկովի անվան թատերական ուսումնարանը՝ Սերգեյ Տիխոնովի դասարանը։ 1970-ական թվականներին աճպարարության ստաժավորում է անցել Կարանդաշի և Յուրի Նիկուլինի ուսուցիչ Մարկ Մեստեչկինի մոտ Մոսկվայի կրկեսում։ Նույն կրկեսում Յուրի Արոյանն ասպարեզ է դուրս եկել հայտնի խորհրդային ծաղրածուներ Վ․ Մոտորինի և Վ․ Կոնդրատովի մի քանի ռեպրիզներում և հաջողություն ունեցել։ Աշխատել է Ռուսաստանի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի տարբեր թատրոններում։
Գրել է կինոպատումներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։