Արի ու տես՝ հակապետական թիթեռնիկներ
Ամեն նոր բառ ու գնահատական բազմակի գնահատականնների է արժանանում: Նույնիսկ եթե դրա մասին մանրամասն չի գրվում: Վերջին «հակապետական» բառը «ոմն հեռուստաընկերության» գործունեության հետ կապված թերևս պիտի սթափեցնի բոլոր լրատվամիջոցներին, որոնք ուզում են աշխատել առանց, իհարկե, այդ սահմանն անցնելու:
Սակայն սովետցենզուրայից հեռացած ու միջազգային կառույցներում բավական ազատի գնահատական ստացած լրատվամիջոցների համար պետք են ստույգ սահմանումներ՝ այս սահմանների համար: Մանավանդ, որ ասենք, ինտերնետ լրատվամիջոցը իր ինտենսիվությամբ աշխատելով ժամանակ չունի հետևելու, թե որ հեռուստաընկերությունը իրեն ինչ թույլ տվեց:
Այսպիսով՝ որն է արդի Հայաստանի համար լրատվական հակապետական գործունեությունը, ո՞րն է առաջնայինը հակապետականը սահմանելու համար՝ ելնելով այն բանից, թե՝ երկիրը նախ պատերազմող է, թե նախ «փոփոխությունների» նախաշեմին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ նման գրառում էր կատարել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»:
Panorama.am-ը այս հարցերի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային ժողովի պատգամավորներից, սակայն ստացած պատասխանները խուսափողական էին:
Մինչ ԱԺ նիստի մեկնարկն էր, բայց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը զարմացավ հարցից. «Ամեն ինչ թողնեմ, գամ այդ հարցի՞ն պատասխանեմ: Ես գնում եմ գրանցման, հարցն այդքան հրատա՞պ է, այս ընթացքում չեմ կարող պատասխանել, երբ որ ազատ լինեմ, այն ժամանակ էլ կպատասխանեմ»:
Ճիշտն ասած՝ բավական հրատապ է: Ու հրատապ պիտի լիներ նաև մի կուսակցության համար, ով «31»-ի գործ է տեսել: Ինչևէ՝ նոր ժամանակներ, նոր առաջնահերթություններ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մինչ հարցին կոնկրետ պատասխանելն ասաց. «Հակապետական վիրուսներ եղել են կառավարման համակարգում, դրանք պետք է հանել ու շպրտել»:
Հայաստանում, նրա գնահատմամբ՝ օրենքի արհամարհումն է հակապետականություն, հակապետականություն է անօթևաններ, զինվորական ծառոյությունից փախչողներ ունենալը:
«Ցանկացած բնականոն իրավիճակ, որը բնութագրական է կանոնակարգված ու քաղաքակրթված աշխարհին, արի ու տես՝ այս խելոք երկիրը չուներ՝ ընդհանուր կաշկանդվածությունից ելնելով»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների դեպքում ինչը կարող է դիտվել հակապետականություն, Բոստանջյանը պատասխանեց. «Արի ու տես՝ նմանատիպ իրավիճակում լրատվամիջոցները հարաբերականորեն վատ վիճակում չեն գտնվել, ոչ միշտ, բայց անկախ ռեժիմներ են ապահովել: Բնականաբար, բազմաթիվ լրատվամիջոցներ, ելնելով իրենց շահերից և հետաքրքրություններից, կարող են միտումնավոր ուղղորդվածություն ունենալ, բայց բոլոր դեպքերում՝ ինչ որ ունեցել ենք այս ժամանակահատվածում, պետք է ողջունել»:
Իսկ թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը պատասխանեց. «Ես այդքան խորացած չեմ»:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան հրաժարվեց մեկնաբանություն տալ, թե՝ «Ես չեմ կարող մեկնաբանել, ես հայկական հեռուստատեսություն չեմ նայում, չեմ կարող այսպես տեսականորեն մեկնաբանել»:
Մենք էլ չենք կարող շարունակել տեսականորեն՝ օդի մեջ վերլուծել: Մնում է աշխատենք նույնքան մասնագիտորեն, որքան որ աշխատել ենք:
Խմբագիր՝ Անահիտ Ոսկանյան
Տեղում աշխատեց Արփի Ջիլավյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան