2018 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 %-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլի նկատմամբ կազմել է 10.4%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի համեմատ՝ 5.4%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին աճել է 17.4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 42.4%-ով, իսկ 2017թ-ի մայիսի համեմատ նվազել է 3.1%-ով:
2017թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 17.5 տոկոսով:
Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.2%-ով, ապրիլի համեմատ՝ 12.2%-ով, 2017թ-ի մայիսի համեմատ՝ 8.8%-ով:
Վիճակագրության համաձայն, սպառողական գները հունվար-մայիսին աճել են 2.8%-ով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 1.6%-ով, իսկ ապրիլի համեմատ նվազել են 1%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 1.5%-ով, ապրիլի համեմատ՝ 41.9%-ով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 0.1%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, արտաքին առևտրաշրջանառությունը 2018թ-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 24.1 %-ով, իսկ ներմուծումը՝ 37%-ով:
Վիճակագրության համաձայն՝ հունվար-մայիսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.7%-ով: