ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստով ավարտեց վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը։ Այսօրվա նիստում քննարկվեցին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին օրենքների նախագծերը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել և այն ներկայացված է նույնությամբ:
Նախագծի համաձայն՝ առաջիկա հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին 5 տոկոսի փոխարեն կփոխանցեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, 7,5 տոկոս հօգուտ քաղաքացու կփոխանցի պետությունը: Համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նույնպես հուլիսի 1-ից կփոխվի. ավելի քան 200 հազար քաղաքացիներին կմիանան ևս 80 հազարը: Նշենք, որ նախագիծը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված անձանց: Աշխատող մյուս քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդհանուր առմամբ ներկայացրել են յոթ առաջարկ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ չեն ստացվել:
Փոփոխությունն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը: Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը: Դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքի ձևակերպումներին:
Առաջարկներ չէին ստացվել նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է հնարավորություն տալ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին՝ աշխատելու դպրոցներում մինչև 2023 թվականը:
Քննարկված բոլոր նախագծերին գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ: Օրենքների նախագծերը քվեարկությունների արդյունքում ընդունվել են:
Հարակից հրապարակումներ`
- «Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն
- «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- ԱԺ օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն է
- ԱԺ արտահերթում քննարկվում է անհուսալի ճանաչված վարկեր ունեցողների համար հարկային համաներում կիրառելու հարցը
- Կառավարությունն ընդունեց հարկային փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում