Իտալական ընկերությունն ուսումնասիրություններ կկատարի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում
Իտալական «ԱՆԱՍ» պետական ընկերությունը, որը հետաքրքրված է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ, դաշտային ուսումնասիրություններ կսկսի Սիսիան-Քաջարան հատվածում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ, ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը։
«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթևեկության կազմակերպման և տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։
Նախարար Աշոտ Հակոբյանի հետ հանդիպմանը «Անաս Ինթերնեյշնլ»-ի առևտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզին ասել է, որ սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները և ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։