ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
Երեկվանից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների նպատակով հանդիպումներ է սկսել ԱԺ խմբակցությունների հետ։
Իոաննիսյանի տեղեկացմամբ, օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին։ Բացի ՀՀԿ-ից՝ մնացած բոլորի հետ տեղի են ունեցել քննարկումներ, մտքերի փոխանակում։
Իսկ քննարկումների համակողմանիությունը չի՞ տուժի արդյոք ՀՀԿ-ի՝ նույն այդ քննարկումներից հրաժարվելու փաստից, Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանից։
«Եթե ընտրական համակարգը ստեղծվում է, որպեսզի բոլորի համար ազատ, արդար և հավասար պայմաններ լինեն, պետք է հասկանալ, որ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն։ Այն ինստիտուտը, որը պետք է այդ օրենքն ընդունի և անցկացնի, ԱԺ-ն է։ Այնպես որ, շատ լավ է, որ Դանիել Իոաննիսյանն աշխատում է։ Կառավարությունը հանձնաժողով է ձևավորել, էլի լավ է։ Այս բոլորն ի վերջո պետք է գա, ամփոփվի մի նախագծի մեջ։ Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, և ԱԺ-ն ևս իրավունք ունի նախաձեռնություններով հանդես գալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Թևան Պողոսյանի խոսքով, ամբողջ խնդիրը նրանում է, թե ՀՀԿ-ն որ պահին կմիանա գործընթացին։ «Նրանց ոչ ոք չի ասում, որ իրենց հանձնաժողովը չնախաձեռնեն, չքննարկեն, միգուցե հետ կմիացնեն այդ երկու նախագծերը։ Պետք է սովորենք նոր մշակույթով աշխատել, հարցեր լուծել։ Այսպես թե այնպես բոլորը ի վերջո «լծվելու» են այդ գործին։ Ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, մասնակցի բոլոր քննարկումներին։ «Ելք» դաշինքում էլ 3 կուսակցություններ են, հիմա երե՞քն ն մասնակցում, թե մեկ դաշինքը։ Բոլոր հնարավոր ձևաչափերով պետք է քննարկումներ ծավալել»,- ամփոփեց քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին