«Լինել, թե չլինել սկզբունքային»՝ Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել
Մանե Թանդիլյանը կշարունակի աշխատել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը չի ընդունել հրաժարականի դիմումը, վերջին օրերին համատեղ քննարկումների արդյունքում որոշել են, որ նախարարը պետք է շարունակի աշխատանքը. «Պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարների հետ պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի և հուսալի դարձնելու համար: Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք՝ ճիշտ ճանապարհով ենք գնում»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն առաջին երեկ ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը : Ըստ նրա՝ որոշման առանցքային նպատակն առաջին հերթին ժամանակ շահելն է, որպեսզի խորը և լուրջ քննարկում ունենան:
«Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի համատեքստում: Մենք պայմանավորվել ենք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների, հանրության ներկայացուցիչների հետ աշխատեն, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ և ընդհանրապես ՝ պրոբլեմների օրակարգն ու ցանկը, որ հասկանանք, թե դրանք ինչպես ենք քննարկելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին, Մանե Թանդիլյանն ասաց, որ հրաժարականի պատճառը համակարգի սկզբունքների հետ իր անհամաձայնությունն է եղել և ուրախ է, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը: «Մենք պարտավորություն ունենք նաև համակարգի հուսալիությունը ապահովելու: Այն մոտեցումները, որոնք կառաջարկվեն, հիմնված կլինեն հենց այդ սկզբունքների վրա հիմնված: Պատրաստ եմ կարճ ժամանակում ներկայացնելու նախագիծը նախնական քննարկման»,- նշեց նա՝ հավելելով, որ նախագիծը աշնանը կներկայացվի Ազգային ժողով՝ 2019-ի հունվարի 1-ից լիարժեք կիրառելու նպատակով:
Մանե Թանդիլյանը նաև ասաց, որ նախարարությունում կան շատ ավելի բարդ ու խորքային խնդիրներ, որոնք պետք է լուծեն:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ եղավ Մանե Թանդիլյանի հրաժարականը. «Հրապարակ»
- Մանե Թանդիլյանը մասնակցում է և կառավարության նիստին, և հարցերի քննարկումներին
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին