Մոգերինի․ ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցը կարևոր է ՀՀ քաղաքացիների համար
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը քննարկել ենք այսօր խորհրդի նիստի ժամանակ։ Ես գիտեմ, թե սա որքան կարևոր է ոչ միայն կառավարության, այլ նաև Հայաստանի քաղաքացիների համար»,-այսօր Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդի առաջին նիստից հետո մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե երբ կլինի Հայաստանի հետ վիզաների ազատականացումը, ասաց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Մոգերինին նշեց, որ այսօր քննարկվել է Հայաստանի ու ԵՄ միջև կնքված ու գործող մուտքի վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի իմպլեմենտացիան, որը տեխնիկական պահանջ է առաջ շարժվելու համար։ Այս տեխնիկական նախապայմանն այնուհետ կարող է տանել վիզաների ազատականացման երկխոսության՝ առանց վիզային ռեժիմի հաստատումն ունենալով որպես վերջնական նպատակ։
Մոգերինին, սակայն նշեց, որ այս որոշումը գտնվում է ԵՄ խորհրդի ձեռքերում է, որի համար էլ անհրաժեշտ է ԵՄ խորհրդի որոշումը։
«Սա այն հարցն է, որ ավելի շատ պետք է ուղղվի անդամ երկրներին, քան ինձ։ Ինչ ես կարող եմ ասել այն է, որ վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերը Հայաստանի հետ իրականացվում է լավ և մշտապես կան բարելավման եզրեր, որոնք մենք այսօր քննարկեցինք և, ընդհանուր առմամբ, կարծում եմ, սա դրական ոլորտ է մեր համագործակցության համար»,-ասաց Մոգերինին։
Նշենք, որ այսօր Բրյուսելում Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հիշեցնենք նաև, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվել են վիզաների դյուրացման, իսկ 2013թ. ապրիլի 19-ին` հետընդունման համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ից: Վիզաների դյուրացման համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ մի շարք խմբերի քաղաքացիների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին