Բուժաշխատողի օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել. Փաշինյանը՝ նախարարին
Գործադիրի այսօրվա նիստում մինչ օրակարգին հարցերին անցնելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Նախարարն էլ հավելեց, որ այսօր նաև բուժաշխատողների օրն է. «Շնորհավորում ենք նաև բոլոր բուժաշխատողներին»:
Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորեց բուժաշխատողներին և դիմելով նախարարին՝ կատակով ավելացրեց. «Բուժաշխատողի օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ էր այդպես»:
Նշենք, որ այսօր իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի միջոցով նախարարը շնորհավորական ուղերձ էր հղել օրվա կապակցությամբ, այնուհետև հանդես եկել պաշտոնական հաղորդագրությամբ.
«Սիրելի բուժաշխատող,
Հարգելի գործընկեր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ՝ մեծապես կարևորելով Ձեր դերը թե առողջապահական համակարգում, թե շարքային քաղաքացու կյանքում: Սա ասում եմ՝ համակարգում առկա և Ձեզ անձնապես առնչվող խնդիրներին ծանոթ լինելով:
Առաջին անգամ չէ, որ շեշտում եմ՝ մարդը չի կարող պատշաճ կերպով հոգ տանել մյուսների մասին, եթե իր մասին պատշաճ չեն հոգում: Ուստի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են:
Այս նպատակին հասնելու ենք քայլ առ քայլ ու հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ ու արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց:
Մենք երախտապարտ ենք Ձեզ, որ, հավատարիմ մնալով Ձեր առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում եք մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն Ձեզ, Ձեր ընտանիքներին: Ցանկանում եմ, որ աշխատեք առողջ մթնոլորտում և նպաստեք առողջ հասարակություն ունենալուն:
Սիրով՝ Արսեն Թորոսյան»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին