«Որևէ լումա մենք չենք յուրացրել». «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» և Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը A1plus-ի հետ զրույցում նշել է՝ հասկանում է, թե որն է իր հիմնադրած ընկերությունում ստուգումների շարժառիթը:
«Շարժառիթը կոռուպցիայի դեմ պայքարն Է ու թիրախավորված մարդկանց ջրի երես հանելն է, որոնցից մեկն էլ երևի Սաշիկն է / Ալեքսանդր Սարգսյան/, որին մեզ հետ կապեցին անհասկանալի պատճառներով: Ընկերության սեփականատերը ես ու եղբայրս ենք՝ Գուրգեն Զաքարյանը: Մենք բազմիցս բարձրաձայնեցինք, որ նրա հետ կապ չունենք, նրան միայն հեռուստացույցով ենք տեսել, ուզեցին, որ մենք լինենք Սաշիկինը ու մեզ «կպցրեցին» Սաշիկին, ու հիմա դրանով պայմանավորված՝ մենք թիրախ ենք դարձել: Ի սկզբանե հայտարարվում էր, որ գումարները գնում է Սաշիկին, հիմա այսօր հանրությունն ուզում է դա տեսնել, բայց քանի որ նման բան չկա, բնականաբար սա դառնում Է թյուրիմացության արդյունք»,- ըստ աղբյուրի, ասել է ընկերության հիմնադիրը:
Զաքարյանի խոսքով, ոստիկանության հայտարարած դրամական միջոցները հենց այն գումարն է, որը 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման համար:
Հիշեցնենք, ոոստիկանությունը հայտարարել է, որ 2017թ. փետրվարից 2018թ. հունիս գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար:
Ալեքսան Զաքարյանն առնվազն տարօրինակ է համար նման ձևակերպումն այն պարագայում, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր հանրության զգալի հատվածի համար, և ամբողջ այդ ծախսը, ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է:
Ինչ վերաբերում է ծառայությունների որակին` նա հիշեցնում է, որ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին` որպես նեղ մասնագիտական կազմակերպություն և մեծ ներդրում ունի անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում:
«Հույս ունենք, որ անաչառ քննությունը ամեն ինչ կպարզի, և ամեն ինչ իր տեղը կընկնի»,- նշել է նա:
Իսկ մինչ այդ Ալեքսան Զաքարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Որևէ լումա մենք չենք յուրացրել»:
Հարակից հրապարակումներ`
- «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 մլրդ դրամից ավելի գումար են հափշտակել
- Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում