Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հրավիրած ասուլիսում նա լրագրողների համար ընթերցեց նամակը:
Փաստաբանը մասնավորապես կոչ է անում հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից.
«Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ.
1. հրապարակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին՝ դադարեցնել տարբեր բնույթի ու տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի, մերձավորների նկատմամբ,
2. հրապարակայնորեն դիմել իրավապահ մարմիններին՝ կատարելու օբյեկտիվ քննություն, և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքը այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ,
3. հանձնարարել, որպեսզի տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը՝ կապված իր հիվանդությունների հետ,
4. հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից,
5. հրապարակային հայտարարեք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չվիրավորեն, չահաբեկեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ, հայտարարեք, որ արդարադատության, իրավունքի կայացման գործում հեգեմոն դեր ունի իրավապաշտպանը:
Մեծարգո պարոն վարչապետ, տարիներ առաջ իրավապաշտպան ոլորտում, երբ իրավական հարթության վրա պայքարում էիք անարդար ընտրությունների, A1+-ի եթերազրկման, հանիրավի մեղադրվող քաղաքական գործիչների կողքին, շատ քիչ լրատվամիջոցներ էին համարձակվում լուսաբանել իմ դատական պրոցեսները, որոնց թվում էր նաև Ձեր կողմից ղեկավարվող լրատվամիջոցը, որոնք համարձակություն էին ունենում գրելու և օբյեկտիվ լուսաբանելու:
Այսօր շատ բան է փոխվել Հայաստանում. այս փոփոխությունը մենք ձեռք ենք բերել տարիների մեր քրտնաջան աշխատանքով, հաճախ լինելով չհասկացված, արհամարհված, փոքրամասնություն, իրավամբ՝ Դուք եք կրողը նոր Հայաստանի՝ Ձեր ետևում ունենալով զտարյուն հայորդիների մի զանգված, որ օր օրի ավելանալու է, եթե գիտակցի, որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, եթե գիտակցի, որ ընկածին չեն խփում, եթե գիտակցի, որ վաղուց հաշվեհարդարների ժամանակը անցել է, և մեղավորներին օրենքով սահմանված կարգով միայն պետք է պատժեն, և որ այս ամենի երաշխավորը միայն Դուք եք»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյանը կոչով դիմել է քաղաքացիներին, հորդորով՝ փաստաբաններին
- Փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքում է Մանվել Գրիգորյանի փաստաբանին փնովողներին
- Լուսինե Սահակյան. Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան