Արցախում վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում
2015 թվականին Արցախում հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում:
Գոռն արժանացել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Արիության» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել.
«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում:
Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:
Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:
Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:
Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»:
2015 թվականի մայիսի 19-ին, ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորների մեջ էր Գոռ Դարմանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Լրագրողների հետ զրույցում ասել էր, որ զինհաշմանդամների թոշակի հարցը և սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
«Այն երիտասարդները, որոնք կենտրոնում վերականգնողական բուժում են ստանում և այդ ընթացքում նաև մասնագիտական որակներ են ձեռք բերել, մենք պետք է ամրագրենք օրենքով, որ եթե մարդը այստեղից դիմում է հայտարարագրված աշխատանքի, իրեն առավելություն տան։ Պատկերացրեք, որ Հայաստանում բազմաթիվ մասնավոր և պետական ընկերություններ կան, և նրանք 3,4 կամ 5 հոգու աշխատանքի ընդունեն և նորմալ աշխատավարձ տան, ոչ 30 կամ 40 հազար դրամ, այլ 100, 200 կամ 300 հազար դրամ, որ մարդիկ իրենց աշխատանքով, ոչ թե օգնությամբ, նորմալ կյանք վերադառնան»,- նշել էր նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է՝ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. Արմեն Սարգսյան
- Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին