Արցախում ցորենի և գարու բերքահավաքը սկսվել է
Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ հունիսի 23-ի դրությամբ արդեն հնձվել են 19.623 հա գարու դաշտեր (ցանված՝ 36.576 հա), միջին բերքատվությունը կազմել է 18.3 ցենտներ, իսկ ցորենի՝ 2008 հա (ցանված՝ 38.989 հա), միջին բերքատվությունը՝ 24.4 ցենտներ։
««Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի»՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Խանապատի (Ասկերանի շրջան), Շուշիի, Մարտակերտի, ինչպես նաև Երևանի պահեստներում ամենօրյա ռեժիմով առանց խոչընդոտների իրականացվում է բերքի ընդունումը։ Դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա, իսկ հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով շուրջօրյա ռեժիմով աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ հենակետերը։
Հավաստիացնում եմ, որ բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար կառավարության կողմից իրականացվել են համապատասխան բոլոր աշխատանքները։
Ցավոք սրտի, վերջին օրերի կարկտահարությունից, սելավներից և քամիներից ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 9000 հա ցանքատարածություն։ Ներկայումս կառավարությունում ակտիվ քննարկվում է տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը»,- գրել է Գրիգորի Մարտիրոսյանը: