Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ, ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը։ Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, սա նրա առաջին մենահամերգն է Հայաստանում:
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:
Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:
Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է.
«...Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 19-րդ փառատոնը մեկնարկել է հունիսի 11-ին Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարել է ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Հունիսի 16-ին Զարթնոց տաճարում ելույթ է ունեցել «Հորտուս Մուզիկուս» անսամբլը:
Փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ավելի վաղ Panorama.am-ի հայտնել էր, որ փառատոնի շրջանակում սեպտեմբեր-նոյեմբերին սպասվում է աշխարհահռչակ նվագախումբի, մենակատարների այց: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագան և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան