10-ամյա տղան համակարգչային խաղերի պատճառով հայտնվել է հիվանդանոցում
Մեծ Բրիտանիայում 10-ամյա տղան մի քանի ժամ չի կարողացել կտրվել համակարգչային խաղերից, չի գնացել զուգարան, արդյունքում հայտնվել է հիվանդանոցում։
Լենտա.ռու-ն գրում է, որ, բժշկի խոսքով, երեխան 8 ժամ շարունակ հոր հետ խաղացել է World of Warcraft, Call of Duty և FIFA։ Այդ ողջ ընթացքում նա զսպել է իրեն և չի գնացել զուգարան, միզապարկը մեծացել ու դադարել է աշխատել։ Բժիշկը նշել է, որ սկզբում կարծել է, թե երեխայի մոտ ագրեսիվ քաղցկեղային ուռուցք է։ Միայն հետազոտությունից հետո պարզ է դարձել, թե բանն ինչում է։
Երեխային բուժել են ուրոլոգիական մեթոդներով։ Նրա հետ շփվել են նաև հոգեբանները։ Նախկինում տղան ֆուտբոլ է պարապել ու լավ արդյունքներ է ցույց տվել, սակայն ընկել է հոր ազդեցության տակ։ Բժիշկն ասել է, որ հաճախ է հանդիպում խաղամոլության հետևանքներից տառապող երեխաների հետ։ Նրանցից շատերը քնելու հետ խնդիրներ ունեն, հիմնականում խաղում են գիշերը, դրա հետևանքով կենսառիթմը խախտվում է։
Հունիսի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելացրել էր հիվանդությունների և խանգարումների ցանկը, որում առաջին անգամ ներառվել է առցանց և տեսախաղերից կախվածությունը։