«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:
Քննչական կոմիտեից հայտնում են. «Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ ավտոմեքենայի մեջ։
Ըստ քրեական գործի տվյալների՝ մարզիչը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։
Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն 1.500 ԱՄՆ դոլար պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Ա.Հարությունյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, հարցաքննվել են մի շարք անձինք, զննվել վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսաձայնագրություններն ու աուդիոձայնագրությունները»․
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Շիրակ»-ի հետ կապված ՀՖՖ որոշումը ճիշտ էր. Արթուր Սողոմոնյան
- «Շիրակն» ընտրել է սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ
- 15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան
- Դատախազությունն արձագանքում է ՀՖՖ նախագահին
- «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի