Արցախում գայլի հարձակումից տուժած 10-ամյա երեխան շարունակում է ստանալ հակակատաղության պատվաստանյութ. Արցախի ԱՆ
Արցախում գայլի հարձակումից տուժած 10-ամյա երեխան և 41-ամյա մի տղամարդ շարունակում են ստանալ հակակատաղության պատվաստանյութ, համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
ԱՆ մանրամասներ է ներկայացրել տուժած երեխաների մասին:
«Մայիսի 28-ին 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատավածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով ժամը 19:10-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղախոխվել Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը՝ ազդրի միջին երրորդականի, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի, Տումի գյուղի բնակիչ 2007թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանը՝ դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքերով:
Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի համայնքի բնակիչ Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:
Տուժածներին անհապաղ իրականացվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, հակակատաղության պատվաստանյութ, ինչպես նաև հակակատաղության իմունոգլոբուլին՝ համաձայն ուղեցույցերի:
Ընդհանրապես կատաղության կլինիկան հնարավոր է արտահայտվի մինչև 1 տարի ժամկետում և զարգանալու դեպքում մահվան ելքը անխուսափելի է: Այդ առումով ամենավտանգավորն են գլխի, դեմքի, պարանոցի հատվածները և լորձաթաղանթները:
Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով:
Տիգրան Խամփերյանը և Լյովա Արզումանյանը շարունակում են ստանալ հակակատաղության պատվաստանյութ, համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի»,- տեղեկացնում են Արցախի ԱՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մահացել է գայլի հարձակումից տուժած երկրորդ երեխան
- Արցախում օրեր առաջ գայլի հարձակումից տուժած 11-ամյա երեխան մահացել է
- Հադրութում գայլը հարձակվել է երեխաների վրա