Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որը կանցկացվի հունիսի 25-ից 29-ը։
Այս նստաշրջանում ԵԽԽՎ-ն ընտրելու է նոր նախագահ, ելույթներով հանդես կգան Խորվաթիայի և Սլովակիայի վարչապետները, ինչպես նաև Լյուքսեմբուրգի արտգործնախարարը: Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը կներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեի գործունեությունը՝ որպես նախարարների կոմիտեի նախագահող: Նախատեսվում է նաև տեսակետների փոխանակում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված թեմաներից են մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը, որը հիմնականում նվիրված է Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին, ինչպես նաև անդամ երկրներում ՀԿ-ների գործունեության նոր սահմանափակումները:
Վեհաժողովը կքննարկի Սիրիայի հարևան երկրներում փախստականների մարդասիրական իրավիճակի, ԵՄ միգրացիոն և ապաստան տրամադրելու քաղաքականությունը, փախստականների համար կացարանների ստեղծման հարցերը՝ Հունաստանի ներգաղթային քաղաքականության նախարար Դիմիտրիոս Վիտսասի մասնակցությամբ:
Օրակարգում է նաև Եվրոպայում հարկադիր ամուսնությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահի ու ընտանիքների պահպանման անհրաժեշտության միջև հավասարակշռության հարցը։ ԵԽԽՎ-ն քննարկելու է նաև Չեչնիայում ԼԳԲԹԻ համայնքի ներկայացուցիչների հետապնդման, մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման և տնտեսության մեջ կանանց դերի վերաբերյալ հարցերը։
Հրատապ քննարկման թեմա է առաջարկվել «Ռուսաստանի Դաշնությունում և օկուպացված Ղրիմում ուկրաինացի կալանավորների առողջության և կյանքին սպառնալիքները» հարցով։
Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհաստատի նստաշրջանի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան