Մանվել Գրիգորյանի փաստաբանին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիք ուղարկած քաղաքացին բացատրություն է տվել
Կալանավորված Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին ֆեյսբուքով սպանության սպառնալիքներ ուղարկած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։
«Կատարվում է քննություն»,-հայտնում են ոստիկանությունից:
Ավելի վաղ փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարել էր, որ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր սպառնալիքներ են հնչեցնում:
«Գրում է տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու էս ամենը էն պատճառով, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանի շահերը», - ասել էր Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը։
Նշենք, որ փաստաբանների ու լրագրողների նկատմամբ առկա վտանգավոր վերաբերմունքի մասին մտահոգություններ է հայտնել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա մասնավորապես նշել է. «Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք:
Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները:
Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում:
Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. ՄԻՊ
- Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
- Արա Զոհրաբյանը կոչով դիմել է քաղաքացիներին, հորդորով՝ փաստաբաններին
- Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
- Լուսինե Սահակյան. Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան