Չուտել լցնովի պաղպաղակ, հետևել բոլոր նորմերին. ԱՆ հորդորը
Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:
ԱՆ հաղորդմամբ՝ առավել ռիսկային է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
սննդամթերքը (միրգ-բանջարեղեն) լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
պահել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
չգնել արևի տակ, բաց օդում, փողոցներում, բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,
առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։
«Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հատկապես ընկալունակ են երեխաները: Այդ պատճառով սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակներից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է նախադպրոցական ուսումնական և երեխաների ամառային հանգստի կազմակերպման հաստատություններում ուժեղացնել հսկողությունը ՀՀ տարածքում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ բացառել առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումքի և սննդամթերքի օգտագործումը:
Հարկ է նաև ուժեղացնել հսկողությունը հանրային սննդի, սննդարդյունաբերական, առևտրի կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ սահմանված պահանջների նկատմամբ, հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ժամանակ՝ հումքի ընդունման, վերամշակման, կաթնամթերքի արտադրության, տեղափոխման, իրացման և պիտանելիության ժամկետերի առումով»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։