«Արմենիա» միջազգային փառատոնը Երևան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների
Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու համար Երևան կայցելեն ավելի քան 200 զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ փառատոնի կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել մշակութային և նրա մաս կազմող համերգային տուրիզմով հետաքրքրվողներին Հայաստան ներգրավելու ուղղությամբ։
«Այդ նպատակով տարբեր երկրների դասական երաժշտության սիրահարների շրջանում ներկայացվել են ինչպես «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, հռչակավոր մենակատարները, համերգային ծրագրերը, այնպես էլ՝ Հայաստանը, մայրաքաղաք Երևանը։ Նշենք, որ մշակութային և համերգային տուրիզմը մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհում։ Հայտնի է, որ մշակութային, հատկապես դասական համերգային տուրիզմով հետաքրքրվողները հանրության առավել ինտելեկտուալ հատվածն են։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը ոչ միայն կայցելեն համերգային երեկոներին, այլև կծանոթանան Երևանի ու Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային առանձնահատկություններին՝ համերգային տպավորություններից բացի, իրենց հետ տանելով մի մասնիկ Հայաստանից։
Սա նոր ուղղություն է հայաստանյան համերգային գործունեության մեջ և մեծ հեռանկար ունի, ինչի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվելու են»,- ասված է պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։