ԵԽԽՎ-ն այսօր նոր նախագահ է ընտրելու
Այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ։ Նախագահի վաղաժամ ընտրությունները պայմանավորված են նրանով, որ նախագահ Միկելե Նիկոլետին մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չընտրվեց։ Նիկոլետին ստիպված է լինելու հրաժարվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, քանի որ նախագահ լինելու համար պետք է լինել խորհրդարանական ու ընդգրկված երկրի պատվիրակության կազմում:
Նիկոլետին ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել միայն 2018թ.-ի հունվարին՝ ԵԽԽՎ Սոցիալիստների, դեմոկրատների ու կանաչների խմբից: Իտալացի Նիկոլետին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում հաջորդեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսին, ով ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտին պարտադրված հրաժարականից հետո նախագահեց մի քանի ամիս։
Նշենք, որ համաձայն ԵԽԽՎ ներքին պայմանավորվածությունների՝ ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է խմբերին հերթականությամբ․ ԵԺԿ-ից 2018թ.-ի հունվարին Նիկոլետիի ընտրությամբ նախագահությունը փոխանցվեց Սոցիալիստներին: Նախագահին ԵԽԽՎ-ն ընտրում է 1 տարի ժամկետով, որը կարող է երկարացվել նոր ընտրությամբ՝ ևս 1 տարով։
Չնայած Նիկոլետիի հրաժարականին, համաձայն վերոնշյալ պայմանավորվածության, ԵԽԽՎ հաջորդ նախագահը ևս կլինի Սոցիալիստների խմբից, որի ղեկավարը շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն է, ով 2017թ․-ի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա