Ադրբեջանական ֆեյքերը փորձում են սրել և ապակայունացնել ներքին վիճակը. Տիգրան Քոչարյան
«Ամեն ինչ կախված է նրանից՝ կցանկանա՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայնակ ձևավորել կառավարություն, թե ոչ: Եթե ընտրությունները լինեն մոտակա երեք ամսում, Փաշինյանը կարող է համարյա միանձնյա հավաքել ձայների մեծամասնությունը: Բայց հարց է՝ արդյո՞ք նա կցանկանա այդ ամբողջ պատասխանատվությունը միայնակ վերցնել իր վրա»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Պետք է նախ տեսնել՝ ինչպիսին է Ընտրական օրենսգիրքը լինելու, որպեսզի կուսակցությունները հասկանան՝ որտեղ իրենց ռեսուրսներն ուղղեն: Փաշինյանը, գուցե, ՀՀԿ-ին նախագծած չունի, սակայն նույն այդ ՀՀԿ-ն, շատ հնարավոր է, այլ կերպ ներկայանա ընտրություններին՝ միգուցե վերջնականապես ազատվելով օդիոզ ֆիգուրներից և փորձելով ավելի երիտասարդականցվել»,- ասաց բանախոսը:
Տիգրան Քոչարյանի համոզմամբ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորն իրենց տեղերում են, և շատ հավանական է, որ ստեղծված ֆոնին Արցախյան խնդրի շուրջ ուժերի մոբիլիզացիա տեղի ունենա:
«Ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն ասել, որ ամեն բան կարգին է, բայց Ադրբեջանն օր օրի կուտակում է իր ուժերը: Այդ երկիրը Թուրքիայի հետ համարյա համատեղ ռազմական շքերթ է անցկացնում, թուրքական ինքնաթիռներն այսօր արդեն երևացել են Բաքվի երկնքում: Ադրբեջանն ուժերը կուտակում է ոչ միայ ֆիզիկապես, այլ նաև համացանցում:
Ադրբեջանական լոբբինգը բավականին ակտիվացել է, ադրբեջանցի ֆեյքերն այն աստիճան են ակտիվացել, որ նույնիսկ գրառումներ են թողնում ՀՀ վարչապետի ուղիղ եթերների տակ: Նրանք փորձում են ինչ-որ ձևով սրել և ապակայունացնել ներքին վիճակը»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները