Գարշահոտության պատճառով ինքնաթիռից իջեցված ռոք-խմբի մենակատարը մահացել է
Խորհրդային և ռուսական «Դո-Մաժոր» արտ-ռոք-խմբի ղեկավար Անդրեյ Սուչիլինը մահացել է Պորտուգալիայում: Նա 58 տարեկան էր, մահացել հյուսվածքների նեկրոզից:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Սուչիլինը Պորտուգալիայում հայտնվել էր մայիսի 30-ին, երբ նրան իջեցրել էին չվերթից Ֆարո քաղաքում: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել ուղևորներից մեկից եկող անտանելի հոտի պատճառով: Շատ ուղևորների մոտ սրտխառնոց է առաջացել, ոմանք ուշագնաց են եղել: Ավելի ուշ երաժիշտը Ֆեյսբուքում խոստովանել է, որ հոտի աղբյուրը ինքն է եղել, պատճառը նրա հիվանդությունն է:
Նա հայտնվել է Պորտուգալիայում առանց միջոցների ու բժշկական ապահովագրության: Երաժշտին ցանկացել են հոսպիտալացնել օդանավակայանում, սակայն հրաժարվել է՝ ասելով, որ իրեն Իսպանիայում հետազոտած բժիշկն ասել է, որ սովորական լողափային ինֆեկցիա է: Շուտով Սուչիլինի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ախտորոշել հյուսվածքների նեկրոզ: Բազմաթիվ վիրահատություններ տարած երաժիշտը հայտնվել է կոմայի մեջ ու մահացել հունիսի 25-ին: