Պետք է սահմանել անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ ՄԻՊ
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ՝ դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:
ՄԻՊ-ից հիշեցնում են. «Ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաև այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:
Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի և իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցական դասագրքերի վերաբերյալ ՄԻՊ դիմումը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 20-ին
- Պաշտպանը դիմել է ՍԴ դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու համար
- Սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանցիների դասագրքերը տրամադրվելու են անվճար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան