Նարեկ Հախնազարյանն ու Վալերի Գերգիևը՝ նույն բեմում
«Սպիտակ գիշերների աստղեր» միջազգային փառատոնի շրջանում այսօր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենալու Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Երաժշտի ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգը ղեկավարելու է ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևը։
Համերգին հնչելու է Չայկովսկի՝ Ռոկոկո թեմայով վարիացիաներ։
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Նա 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար:
Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Նարեկ Հախնազարյանն ու Սերգեյ Խաչատրյանը միասին ելույթ են ունենալու
- Հետևում եմ, թե ինչպես է զարգանում Խաչատրյանի միջազգային մրցույթը. Նարեկ Հախնազարյան
- Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը
- Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում այսօր հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
- Նարեկ Հախնազարյան. Ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի բարձր մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում