Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը, ըստ Առողջապահության նախարարության
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ երեխաների շրջանում տարածված բարձր ջերմության, փորլուծության վերաբերյալ: Ծնողների խոսքով՝ հիվանդանոցներում աղիքային վարակի ախտանիշներով մեծ թվով երեխաներ կան:
Ոմանք նաև նշում են, որ ըստ լուրերի, աղիքային վարակի պատճառը ջուրն է:
Պարզաբանումների համար Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ երեխաների շրջանում արձանագրվել են դիզինտերիայի դեպքեր:
«Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն: Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգատներով երեխաների դիմելիության ակտիվություն:
Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ»,- նշում են ԱՆ-ից:
Ըստ նախարարության՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե):
«Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ: Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես նաև կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները: Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Շեշտենք, որ մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները»,-նշում են նախարարությունից՝ հավելելով, որ պետական վերահսկողության շրջանակներում միջոցառումները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին