Հայաստանում վարչական արդարադատության ոլորտում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան. Գագիկ Հարությունյան
«Դատարանների նկատմամբ վստահությունը հսկայական նշանակություն ունի իրավական պետություն կառուցելու գործում: Համոզված եմ, որ հատկապես ՀՀ նոր կառավարությունն այս գործի համար կտա կարևոր խթաններ»,- այսօր «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Միջոցառմանը ներկա, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ վարչական արդարադատության կայացման հարցում մեծ է գերմանացի փորձագետների դերը:
«Մեզանում ներդրվել է վարչական արդարադատության, կարելի է ասել, որոշ առումով կայացած համակարգ: Հայաստանում արդարադատությունն ընդհանրապես և վարչական արդարադատությունը, մասնավորապես, միաժամանակ պետք է նոր որակ ստանան, ինչը պայմանավորված է ինչպես դատարանների ու դատավորների անկախությամբ, այնպես էլ դատական իշխանության պատշաճ վստահության ներդրմամբ: Իսկ դա չի լինում քարոզի միջոցով, դա լինում է ռեալ աշխատանքի և համակարգային բարեփոխումների արդյունքում»,- ասաց բանախոսը:
ԲԴԽ նախագահի համոզմամբ, Հայաստանը վարչական արդարադատության ոլորտում առաջին քայլերն է արել, մինչդեռ ոլորտում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ: Դրանք ունեն օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք:
«Մենք ունենք վարչական դատարան, որն ունի նստավայրեր ամբողջ հանրապետության տարածքում: Կան նստավայրեր, ինչպես օրինակ Վեդիի նստավայրը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը տարեկան կազմում է շուրջ 390 գործ, իսկ ահա Երևանում՝ շուրջ 790 գործ: Ծանրաբեռնվածության այսպիսի տարբերությունները վկայում են, որ մենք ունենք ոչ օպտիմալ դատական տարածքներ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
ԲԴԽ նախագահը տեղեկացրեց, որ վարչական դատարաններում գործերի մոտ 70 տոկոսը վերաբերում են ոստիկանության դեմ ներկայացված տույժ-տուգանքների բողոքարկումներին: Բավարարվում է դրանց գրեթե 50 տոկոսը:
«Ցավոք, դեռևս լուրջ մակարդակի չի դրվել արդարադատության ծախսատարության գնահատման հարցը: Քաղաքացիներին մոտավորապես 50 միլիոն դրամի տույժ-տուգանքներից ազատելու համար պետությունը բյուջեից ծախսում է մոտավորապես 300 միլիոն դրամ: Վնասաբերության աստիճանը գրեթե քառապատիկ է»,- ամփոփեց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան