Միջազգային մրցույթում բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է գլխավոր մրցանակի
Հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը։ Մրցույթին մասնակցել է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր տեղին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։
Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մրցույթին Վահագն Մարգարյանը հրավեր է ստացել նաև մասնակցելու 2019 թվականին ԱՄՆ-ում կայանալիք Վալենտինա Կոզլովայի անվան միջազգային բալետային մրցույթին։
Մրցույթին մասնակցել է երկու տասնյակից ավելի երկրներից բալետի պարողներ՝ ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Դանիա, Ռումինիա, Ուկրաինա, Իսպանիա, Բրազիլիա, Ճապոնիա, Թուրքիա և այլն։
Վահագն Մարգարյանը ծնվել է 1995թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովորդական, ապա` դասական բաժիններում: Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին` որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:
2016 թվականին մասնակցել է էստոնիայում Թալինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: