Տարոն Մարգարյանն առողջական խնդիրներ ունի
Երևանի ավագանու ընթացող նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում: Այն վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ որտեղ է Մարգարյանը:
«Տարոն Մարգարյանը բացակայում է ավագանու նիստից առողջական խնդիրների պատճառով, հարգելի պատճառով»,-պատասխանեց Արեյանը:
«Երկիր ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն փախուստի դիմելու համար:
«Հանրությունը պահանջում է, որ Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ, միլիոնավոր չարաշահումների ու բռնությունների մասին է խոսքը, որոնք առնչվել են ընտրությունների կեղծմանը, քաղաքացիների ազատ դիրքորոշման արտահայտելուն»,-ասաց Փոստանջյանը՝ առաջարկելով լուծարել ավագանին:
Փոխքաղաքապետը հայտարարեց, Երևան քաղաքի ավագանու՝ ընթացող նիստին մասնակցում են ավագանու 50 անդամներ, քվորումն ապահոված է, ավագանու նիստն իրավազոր է: Օրակարգում 8 հարց է:
«Ելք»-ից Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչու է օրակարգից հանվել Երևան հիմնադրամի կողմից գնված գույքը Երևանին նվիրաբերելու նախագիծը: Նիստը վարողն էլ հիշեցրեց, որ հիմնադրամի հետ կապված ԱԱԾ-ն նախաքննություն է իրականացնում, առգրավված են բոլոր փաստաթղթերը, բերման էր ենթարկվել հիմնադրամի տնօրենը:
«Հետագա գործընթացի, հավանական ելքերի, արդյունքների վերաբերյալ որևէ պատկերացում չունեինք, պարզ չէր, ով էր լինելու հանձնող կողմը, ստորագրողը: Այս մտավախությամբ հարցը հանվել է օրակարգից»,-ասաց Արեյանը:
«Երկիր Ծիրանի» խմբակցությունից Մարինա Խաչատրյանն էլ առաջարկեց օրակարգում մի քանի հարց ավելացնել, այդ թվում Տարոն Մարգարյանի հրաժարականի ու գործող ավագանին ցրելու մասին:
Ի պատասխան, Կամո Արեյանը հիշեցրեց ՏԻՄ մասին օրենքի 40-րդ հոդվածի մասին, որի համաձայն ավագանու անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարելի է սկսել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը:
«Ձեր առաջարկությունը ժամանակավրեպ է»,-ասաց քաղաքապետի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան