Արմեն Սարգսյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած մասնավոր այցի շրջանակում հանդիպում է ունեցել ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի և այլ ընկերությունների ղեկավարների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար և օրինական գործարար միջավայր ձևավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:
Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով և հնարավորությամբ:
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն և ակտիվ մասնակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում