Թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում: Մանկաբարձության ու գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկների մեծ մասն արդեն երկու օր է՝ գործադուլ են հայտարարել, հղիներին սպասարկում են բաժնի վարիչն ու նորեկ բժիշկները:
Ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատանքից ազատել տնօրեն Սամվել Սարգսյանին, նրան մեղադրում են «ֆինանսական ապօրինությունների», իրենցից անտեղի գումարներ վերցնելու, սպառնալիքների ու վատ վարքի համար:
«Մեր բաժնում կա այսպես կոչված «նալոգ» հասկացությունը: Յուրաքանչյուր բժիշկ 35-60 հազար դրամ ամեն ամիս պետք է վճարի տնօրենին: Մենք ստանում ենք 60-80 հազար դրամ, մեր աշխատավարձի հիմքում հղիների թիվն է ընկած: Եթե մենք չէինք հասցնում աշխատել այդ նալոգի գումարը, ճարահատված մեր գրպանից էինք վճարում՝ բուժքույրերի միջոցով: Նալոգը տալիս էինք, որպեսզի շարունակեինք աշխատել»,-Panorama.am-ին պատմեց բժիշկներից Խաչատրյանը:
Նրա խոսքով, ինքը պոլիկլինիկայում աշխատում է ավելի քան 8 տարի, այդ ընթացքում յուրաքանչյուր ամիս իրենք նման վճարում են կատարել, ուղղակի գումարի չափն է փոփոխության ենթարկվել:
«Ավելին ասեմ, պոլիկլինիկան ունի մամոգրաֆիայի սարք, որը չի աշխատում: Բայց 2016 թվականի դեկտեմբերից ամեն բժիշկ ամսական 5 հազար դրամ այդ սարքի համար վճարում է կատարել»,-ասաց Խաչատրյանը:
Բժշկի խոսքով, եղել է դեպք, երբ հղին մերկ վիճակում հետազոտվելիս է եղել, տնօրենը մտել է բժշկի սենյակ ու սկսել հաշվառման, անկետայի վարման մասին հարցեր տալ նրան:
Բողոքի ակցիա իրականացնող բուժաշխատողների խոսքով, երեկ Սամվել Սարգսյանն առաջարկել է իրենց նստել սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը:
«Բայց ամեն անգամ մի ձևով հարցը փակվել է, լուծում չի ստացել, մենք դրա համար էլ չբարձրացանք իր մոտ»,-ասաց բժիշկներից մեկը:
Թիվ 19 պոլիկլինիկայի հարևանությամբ գործում է «Սեբաստիա» ԲԿ-ն, որի տնօրենը պոլիկլինիկայի տնօրենի եղբայրն է: Բուժաշխատողների խոսքով, իրենց տարիներ շարունակ պարտադրել են համոզել, ամեն կերպ ուղղորդել, որպեսզի պոլիկլինիկայում կոնսուլտացիա անցնող հղիները ծննդաբերեն այդ ԲԿ-ում:
«Եղել են դեպքեր, երբ Սամվել Սարգսյանի ցուցումով մենք ծննդաբերած հղիներին հաշվառումից չենք հանել, որպեսզի պոլիկլինիկան գումար ստանա, ավելի վարձրատրվի: Դրան գումարած, մենք ոչ մի անգամ չենք վճարվել պապ-անալիզ իրականացնելու համար»,-ասաց Խաչատրյանը:
Գործադուլ հայտարարած բժիշկներն ասացին, որ առողջապահության նախարարությունում ծանոթ են իրենց խնդրին: Իրենք սպասում են նախարարություն ու դատախազության գործողություններին ու որոշումներին:
Panorama.am-ը պատրաստ է հրապարակել պոլիկլինիկայի տնօրենի արձագանքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին
- Թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմելու են Գլխավոր դատախազություն
- Ահազանգի հետքերով «Ելք»-ի անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են
- Թիվ 19-ը պոլիկլինիկայի վիրաբույժը աշխատանքն ավատվում է 16:48 րոպեին. «Առավոտ»